«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի խորհրդի նախագահ ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆԸ վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից: «Իրատես de facto»-ի հետ զրույցում նա ասաց, որ ԱՄՆ-ում էր՝ եզդիների տան ղեկավար Դախիլ Շամոյի հրավերով: ՄԱԿ-ի գրասենյակում և ԱՄՆ-ի դեպարտամենտում քննարկվել են եզդիների ցեղասպանությանն առնչվող մի շարք հարցեր: Առաջնահերթ բարձրացվել են Շանգալում Իսլամական պետության (ԻՊ) իրագործած ցեղասպանության ճանաչման հարցը, ինչպես նաև Շանգալում եզդիների ինքնավար հանրապետություն (կամ նահանգ) հիմնելու, ԻՊ-ում գերության մեջ գտնվող հինգ հազարից ավելի եզդի կանանց ու աղջիկների ազատագրման խնդիրը:
-Վերոնշյալ հարցերը մեզնից առաջ ՄԱԿ-ի գրասենյակում ներկայացրել էր եզդիների հոգևոր առաջնորդ Բավե Շեխն ու հանձնել համապատասխան փաստաթղթերը: Մենք ևս մեկ անգամ բարձրացրինք եզդիների խնդիրը և թարմացրինք փաստաթղթերը,- նշեց Ամո Շարոյանը:- ԱՄՆ-ի դեպարտամենտում մեզ ընդունեց մարդու և կրոնի իրավունքների ներկայացուցիչը: Նրանք համամիտ էին, որ եզդիների ապահովությունը քրիստոնյաների հետ միաբանության մեջ է: Մի քանի հոգի (չգիտեմ, որքան է հավանական) նույնիսկ զարմացան, որ մինչ օրս 5000-ից ավելի եզդի կանայք ու աղջիկներ գտնվում են գերության մեջ:
-Տեղեկացված չէի՞ն:
-Այո, իրենց թվում էր՝ բոլորը ազատագրվել են: Ես հավաստիացրի ու ապացույցներ ներկայացրի: Նրանք չեն ժխտում, որ 21-րդ դարում ցեղասպանություն է կատարվում առաջադեմ մարդկության աչքի առաջ: Բայց փորձեցին դիվանագիտորեն ժխտել այն փաստը, որ ԻՊ-ն ստեղծել է ԱՄՆ-ը: Բոլորս էլ գիտենք, որ գերհզոր պետությունները ցանկության դեպքում կարող են Իսլամական պետություն կոչվող չարիքը եթե ոչ օրերի, գոնե մեկ ամսվա ընթացքում վերացնել: Վատն այն է, որ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն արվում: ԱՄՆ-ն ստեղծել է հակաիսլամական կոալիցիա և անհրաժեշտության դեպքում ռմբակոծում է ԻՊ-ի հիմնական թիրախները: Ինչի համար մենք շնորհակալություն հայտնեցինք, բայց նկատեցինք, որ ԱՄՆ-ի պայքարն ավելի հիմնավոր բնույթ պետք է կրի, ցանկալի է` պարբերաբար ռմբակոծեն, կամ ցամաքային զորքերը մտցնեն Իրաք:
Եզդիական մի շարք ջոկատներ պայքարում են իսլամիստների դեմ և ինքնուրույն պահպանում մեր հողն ու բնակչությանը: Խնդրեցինք նաև, որ եզդիներին տրամադրեն ոչ թե հին, այլ արդիական զենքեր:
-Ի՞նչ արդյունք եք ակնկալում վերոնշյալ բանակցություններից:
-Մեր նպատակն է իրազեկելը բոլորին: Եթե ոչ այսօր, վաղը կնկատեն, եթե ոչ բոլորը, մի մասը կնկատի, թե ինչ է կատարվում: Հաագայի միջազգային քրեական դատարանն ընդունել է եզդիների ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի վարույթ: Դա արդեն իսկ քայլ է, սակայն չենք սահմանափակվում դրանով, միշտ ուշադրության կենտրոնում ենք պահելու եզդիների խնդիրը: Աշխարհը պաշտպանում է նրան, ով ինքն իրեն պաշտպանում է:
-Որքան գիտեմ, այցի ժամանակ հանդիպել եք նաև ԱՄՆ-ի հայաստանյան ներկայացուցիչների հետ:
-Այո, հանդիպել ենք ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի, Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի հետ: ՈՒզում եմ երախտագիտությունս հայտնել նրանց` աջակցության համար: Հայաստանյան կազմակերպությունների և Թուրքիայի ժողովրդադեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների (քրդական կուսակցություն է) օգնությամբ նաև մամուլի ասուլիս հրավիրեցինք:
Ասեմ, որ չենք շրջանցել նաև Հայոց ցեղասպանության խնդիրը: Քրդական, եզդիական կազմակերպությունների ղեկավարների հետ առանձնազրույցների ժամանակ խնդրեցի, որ իրենք էլ ոգեկոչեն Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցը և հնարավոր աջակցություն ցույց տան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու հարցում: Եթե ժամանակին Հայոց ցեղասպանության կազմակերպիչ պարագլուխները պատասխանատվություն կրեին, հավանաբար, շատ ցեղասպանություններ, այդ թվում՝ եզդիների ցեղասպանությունը, չէին լինի: Ժողովրդադեմոկրատական կուսակցության ղեկավարը հավաստիացրեց նաև, որ առաջիկա ընտրություններում առաջադրելու են հայ ներկայացուցիչների, որոնցից առնվազն մեկը կընտրվի պառլամենտի անդամ, եթե ոչ ավելի:
-Եզդի փախստականների մասին ի՞նչ կասեք: Որտե՞ղ են ապաստանում:
-Հիմնական մասը Քրդստանում է և Թուրքիայի հարավում գտնվող գյուղերում, որոնք նախկինում եղել են եզդիաբնակ: Տեղի եզդիների մեծ մասը տեղափոխվել է Եվրոպա, տները դատարկ են, Գերմանիայի եզդի բարերարների օգնությամբ վերանորոգվել են այդ տները և տրամադրվել եզդի փախստականներին:
-Նրանք մշտակա՞ն բնակության են հաստատվել:
-Ոչ, երբ Շանգալը ազատագրվի, և երաշխավորվի նրանց անվտանգությունը, վերադառնալու են իրենց բնօրրանը: ԱՄՆ-ում մամուլի ասուլիսի ժամանակ թղթակիցներից մեկը հարցրեց` կրոնի՞ համար են ոչնչացնում եզդիներին: Ես ասացի` նաև կրոնի համար, բայց հերթական ֆարմանը (ցեղասպանությունը) նպատակ ունի մեզ մեր տնից, բնօրրանից, հազարամյա բնակավայրից արմատախիլ անելու: Եվ այդպես էլ անում են, ամբողջ Շանգալ նահանգը դատարկել են եզդիներից: Շանգալում են գտնվում մեր սրբությունները, մեր մշակույթը, մեր պատմությունն ու բնօրրանը: Եթե այսօր այս չարիքը չվերացնենք Իրաքի, Սիրիայի տարածքում, վաղը, մյուս օրը, դուք ստիպված կլինեք այդ չարիքի դեմ պայքարել ձեր երկրում` ձեր տներում:
-ԻՊ զինյալներն ի՞նչ թիվ են կազմում:
-Տարբեր թվեր են շրջանառվում: Մոտ 30 հազար են: Բայց նրանք արդեն Սիրիայի, Իրաքի 30-40 տոկոսը գրավել են: Այժմ ցանկություն ունեն տարածվելու Լիբանանում, Լիբիայում, Հորդանանում, նույնիսկ Նիգերիայում:
-ԻՊ շարքում ի՞նչ թիվ են կազմում թուրքերը:
-Հավաստի լուրեր չունեմ, բայց ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներ կան, նույնիսկ եզդի կա, որ մուսուլմանություն է ընդունել ու կռվում է մեր դեմ:
-Եզդի գերիների վիճակի մասին ի՞նչ տեղեկություններ կան, հալածանքից չեն խուսափում, կարծում եմ:
-Գերիների մի մասը Ռաքայում է, մյուս մասը` Մոսուլում: Տեղեկություններ ունենք, որ ոմանց ստրկության են վաճառում Աֆղանստանում: Մերոնք կամ փորձում են հետ բերել, կամ վաճառքի ժամանակ գնում են, հանձնում իրենց ընտանիքներին: Ի դեպ, քրդերն են հաճախ օգնում այդ հարցում: Եզդի փախստականների ճամբար էր այցելել դերասանուհի Անջելինա Ջոլին: Նա հաճախ է բարեգործական միջոցառումների մասնակցում, բայց ասաց, որ այս անգամ իր տեսածից պարզապես համրացել է: Նա հիմնադրամ է ստեղծել, որտեղ ֆիզիկական, բարոյահոգեբանական օգնություն են ցուցաբերում գերությունից ազատված կանանց: Դժբախտաբար, նրանք գերի եղած ժամանակ ենթարկվում են սեռական բռնության, ինչը միանշանակ չի ընկալվում հարազատների կողմից:
-Հայաստանում կա՞ն փախստական եզդիներ:
-Ոչ։ Մեր կառավարությունը պատրաստ էր ընդունելու բոլորին, բայց մենք չենք ուզում Շանգալը դատարկվի: Դա է հիմնական պատճառը, որ եզդի փախստականները ապաստանում են Շանգալի հարակից տարածքներում:
-Թուրքիայի վարած քաղաքականությունն ու վերաբերմունքը Շանգալում կատարվածին ինչպիսի՞ն են ըստ Ձեզ:
-Թուրքիայի կառավարությունը երկդիմի քաղաքականություն է վարում: Դա իմ անձնական կարծիքն է: Մեկ ցույց են տալիս, որ մարդասեր են, խաղաղասեր, բայց սպանված հարյուրավոր իսլամիստների անձնագրերից երևում է, որ նրանք Թուրքիայի սահմանով են եկել Սիրիա կամ Իրաք: Բացի այդ, իսլամիստների շարքում կան Թուրքիայի քաղաքացիներ, որ մասնակցում են մեր դեմ գործած ցեղասպանությանը: Դրան գումարած, Թուրքիան առաջնահերթ իր շահն է պաշտպանում, չնայած շատերն են իրենց շահը գերադասում մարդկային արժանիքներից:
-Ի՞նչ կասեք վերջում:
-ՈՒզում եմ տեղեկացնել, որ ապրիլի 21-ին Երևանում` Օղակաձև զբոսայգում, բացելու ենք եզդիների ցեղասպանության հուշարձան-կոթողը: Ֆինանսավորում է Կամչատկայում բնակվող եզդի բարերար Ռաշիդ Շամոյանը: Նա ծնվել է Հայաստանում և չի մոռանում իր արմատները: Եզդիների մեծամասնությունն իր երկրորդ հայրենիքը համարում է Հայաստանը:
Զրույցը՝
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ